Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի հարվածն Իրանին. ԶԼՄ

Թերթը պնդում է, որ Թուրքիան ավելի շատ ջանքեր է գործադրում, քան Իրանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում Իրանի ուղղությամբ ամերիկյան հնարավոր հարվածը կանխելու համար, սակայն Վաշինգտոնի և Թեհրանի միջև անվստահությունը պահպանվում է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է թուրքական կառավարամետ «Hürriyet» թերթը։

«Կողմերի հետ շփումները ցույց են տալիս, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը շահագրգռված են, որ իրավիճակը բանակցային ճանապարհով լուծվի, բայց առանցքային խնդիր է շարունակում մնալ կողմերի միջև փոխադարձ անվստահությունը», – նշում է թերթը։

Թերթը պնդում է, որ Թուրքիան այս հարցում նույնիսկ ավելի շատ ջանքեր է գործադրում, քան Իրանը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում, հայտարարել է, որ Անկարայի համար կարևոր է Իրանի կայունությունը։
«Իրանի անվտանգությունը կարևոր է մեզ համար։ Իրանի կայունությունը կարևոր է մեզ համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և երկխոսության հիման վրա՝ առանց նոր պատերազմ սանձազերծելու», – Էրդողանի խոսքերն է մեջբերում թերթը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 22-ին հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։