ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների քննարկմանն է ներկայացրել համատեղ ռազմական արտադրության առաջարկ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ-ում Իրանից ազգային համակարգող Մեհրդադ Քիաեին։
Նա ընդգծել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է փոխհամաձայնության գան համագործակցության նման տեսակների շուրջ, ինչը կարող է դառնալ փոխգործակցության ճյուղերից մեկը:
«Սպառազինության ոլորտում անդամ երկրները կարող են համագործակցություն սկսել, և Իրանն այդ ոլորտում իր առաջարկն է ներկայացրել», - նշել է նա:
Իրանական ներկայացուցչի խոսքով՝ առաջարկը ներկայացվել է՝ հաշվի առնելով, որ «ՇՀԿ երկրներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Իրանը, ունի որոշակի հնարավորություններ այս կամ այն, հատկապես հրթիռների, անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտներում»:
ՇՀԿ-ին անդամակցում են Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: