ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
«Խոր ափսոսանքով ու ցավով տեղեկացնում եմ, որ այլևս սուրբ և անմահ պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։ Մենք` որպես հոգևորականներ, ազատված ենք մեր պարտականություններից»,– գրել է նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: