ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Գտնվելով պայթյունավտանգ տարածաշրջանում` մեր երկրի իշխանությունը թերակատարում է ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված ծախսերը։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում հայտարարեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Պետությունը, պաշտպանության նախարարությունը որպես ակտիվ պատվիրատու չեն հանդիսանում, ոլորտի ընկերություններին չեն թելադրում զարգացման ուղղությունները, չեն էլ կողմնորոշում նրանց, թե ինչ պետք է անել»,– ընդգծեց նա։
Քերոբյանը մեջբերում է հրապարակված պաշտոնական թվերը, ըստ որոնց` 2023–25 թթ. ռազմարդյունաբերության համար պետական բյուջեից տրվել է մոտ 170 մլրդ դրամ, սա այն դեպքում, երբ ռազմական ծախսերը կազմել են մոտ 2 տրլ դրամ։ Այսինքն, այս գումարից ընդամենը մոտ 10 տոկոսն է ծախսվել սեփական ռազմաարդյունաբերական արտադրանքի վրա։
«Վերջին 5–6 տարիներ ընթացքում ռազմարդյունաբերական ոլորտի ծախսը անշեղորեն թերակատարվում է։ Օրինակ` 2025 թ. տարեվերջին ոլորտի ծախսը կազմել է հազիվ 50 տոկոս։ Լինելով հակամարտության մեջ, լինելով այնպիսի տարածաշրջանում, որը պայթյունավտանգ է` մենք թերակատարում ենք ռազմարդյունաբերության զարգացման ծախսերը։ Դա մտահոգություն է առաջացնում»,– նշեց կոմիտեի նախկին ղեկավարը։
Ըստ նրա` մասնավոր ընկերություններն այսօր սեփական միջոցներով են ռազմարդյունաբերական արտադրանքի մշակումներ կատարում։ Մինչդեռ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2025 թվականին հայտարարել էր, թե փորձանմուշների արտադրության վրա ծախսելու է 1.5 մլրդ դրամ, այսինքն՝ այն մշակումների վրա, որոնք արդեն հասել էին փորձարկումների փուլ։
Քերոբյանը կառավարության հրապարակած պաշտոնական թվերից տեղեկացել է, որ իրականում այդ ծախսը կազմել է 35 մլն դրամ։
«Այսինքն, հայտարարվածի և իրական ծախսի միջև կա մոտ 50 անգամ տարբերություն։ Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Պետությունն այս հարցում իր վրա վերցրած պարտականությունը ոչ թե պարզապես թերակատարել է, այլ, կարելի է ասել, անտեսել է»,– եզրափակեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը։
Նշենք, որ 2025 թ. տարեվերջին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026–2028 թթ. համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։