ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Որոշակի պահի Եվրամիության ղեկավարությունը Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն կպահանջի, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական ուղղվածության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Որոշակի փուլում Բրյուսելը ցանկացած թեկնածու երկրից սկսում է պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքական գծի հետ, որն այսօրվա դրությամբ բացահայտ հակառուսական բնույթ է կրում, – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։ – Հուսով եմ, Երևանում իրենց հաշիվ տալիս են, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջները բավարարելու դեպքում ԵՄ անդամակցությունը չի երաշխավորում»։
Որպես օրինակ՝ նա մատնանշել է Արևմտյան Բալկանների երկրները, որոնք տասնամյակներ շարունակ ԵՄ անդամակցության հերթում են։ Չնայած կոշտ և հաճախ բնակչության շրջանում ժողովրդականություն չվայելող պահանջներին՝ Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն և Սերբիան այդպես էլ չմոտեցան իրենց ինտեգրացիոն սպասումների իրագործմանը։
Մասլեննիկովը նաև ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը, հատկապես հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը, տնտեսական աճի և բարեկեցության երաշխիք չէ։ Որպես ապացույց նա ներկայացրեց Բալթյան երկրների տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցելու 20 տարիների ընթացքում բավական համեստ արդյունքներ են ցուցադրում։