Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում մեղադրանքը. մանրամասներ դատական նիստից

«Իմնեմնիմի» գործով դատական նիստը
Նարեկ Սամսոնյանը պահանջեց պատժել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, եթե հայհոյանքի համար պատժում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Այս մասին նրանք հայտարարեցին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ դատախազ Հայկ Ավետյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը և անցավ գործով ապացույցների քննությանը։
«Երբ Թրամփն ասում է, թե ինչ պետք է անի Գրենլանդիան, նրան սեռական բնույթի խոսքերով են դիմում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության իրական բաստիոններում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, խոսքի ազատությունը պահպանվում է, իսկ այստեղ դրա «ֆեյք» տարբերակն է փորձ արվում ներկայացնել։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է, որը որևէ կապ չունի արդարադատության և իրավունքի հետ»,– ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Վազգեն Սաղաթելյանը դատարանի դահլիճում
Առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Սամսոնյանին դատական նիստին բերեցին անվասայլակով։ Նա նշեց, որ իրենց ասած որևէ խոսք չի կարող քննվել խուլիգանության հոդվածի համատեքստում։
«Ինձ համար էլ նորմալ չէ, երբ որևէ մեկն ինձ ասում է «շան լակոտ»։ Երբ մեկն ինձ ասում է այդպես, և նրա նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվում, իսկ իմ պատասխանը դիտարկվում է որպես խուլիգանություն, դա անարդար է։ Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե իմ կողքիս բերեն նստեցնեն ԱԺ նախագահին՝ մեզ «շան լակոտ» ասելու համար»,– հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։
Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում
Դատարանն այնուհետև անցավ վկայի հարցաքննությանը։ Վկա Հայկ Փանոսյանը դատարանի հարցերին հիմնականում պատասխանեց, որ չի հիշում հանգամանքները, ինչի հետևանքով դատարանում լսեցին նրա նախնական ցուցմունքի ձայնագրությունը։
Նշենք նաև, որ մինչև դատական նիստի մեկնարկը դատարանի բակում բողոքի ակցիա էին անում` պահանջելով ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Հավաքվածներն իրենց հետ ունեին «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներ։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` փետրվարի 27–ին ժամը 15։00–ին։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։