ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդալյնի իր ուժերի մարտական ներուժը, այդ թվում՝ դրանք նորագույն սպառազինությամբ հագեցնելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է «Союзники. ОДКБ» կայքում։
«2025 թվականին երկարաձգված Հավաքական անվտանգության ռազմավարության շրջանակներում մեր կազմակերպությունը մտադիր է շարունակել ընդլայնել ՀԱՊԿ զորքերի մարտական ներուժը, այդ թվում՝ դրանք համալրելով հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, անօդաչու միջոցների և զորքերի ավտոմատ կառավարման ժամանակակից համակարգերով։ Մտադիր ենք զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի նախապատրաստության ծրագրերը՝ հաշվի առնելով ռազմական գիտության, տեխնիկայի ձեռքբերումներն ու առաջադեմ փորձը», – ասել է Մասադիկովը։
Նրա խոսքով՝ 2026 թվականին ՀԱՊԿ-ը մի շարք համատեղ զորավարժություններ կանցկացնի՝ դաշնակից երկրների զորքերը պատրաստելու նպատակով։
«Ավանդաբար կանցկացնենք համատեղ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» և «Սահման» զորավարժությունները, որտեղ մարտական նորագույն փորձը հաշվի առնելով ամեն տարի մշակվում են զորքերի պատրաստության առանձին ասպեկտներ: Հոկտեմբերին Բելառուսի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կանցկացվի «Անքակտելի եղբայրություն – 2026» հրամանատարաշտաբային զորավարժությունը», – ասել է գլխավոր քարտուղարը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունը աշխատանք է տանելու նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվելու ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս ջանքերի շրջանակներում անդամ երկրները կանցկացնեն գործնական միջոցառումներ հատուկ գործողությունների ձևաչափով, որոնք կրելու են՝ «Վարձկան», «Ալիք», «Անլեգալ» և «ՊՐՈՔՍԻ» անվանումները:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը մտահոգված է կազմակերպության անդամ պետությունների սահմաններին անկայունության գոտիների մոտեցմամբ:
«Պահպանվում է միջազգային ահաբեկչության և դրա հետ կապված ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զինյալների անդրսահմանային տեղաշարժի և անօրինական ֆինանսական գործարքների սպառնալիքը։ Վտանգավոր այս ֆոնին տարածաշրջանային հակամարտությունների աճ է գրանցվում։ Մենք հատկապես մտահոգված ենք ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին անկայունության գոտիների մոտեցմամբ», – հայտարարել է նա։
Նման բարդ պայմաններում կազմակերպությունը շարունակում է ամրապնդել իր դերը որպես կարևորագույն ռազմաքաղաքական կառույց՝ հետխորհրդային տարածքում և ամբողջ Եվրասիայում տեղի ունեցող տեկտոնական գործընթացներում կայունությունը պահպանելու համար, ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է նաև, որ իր գլխավոր նպատակը կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության պահպանումն է, ինչպես նաև ռազմաքաղաքական կառույցի դերի ամրապնդումը Մեծ Եվրասիայում։
Նոր գլխավոր քարտուղարի խոսքով՝ նա տրամադրված է առավելագույնս արդյունավետ օգտագործել կազմակերպության կուտակած փորձը և անդամ պետությունների միջև փոխգործակցության փորձված պրակտիկան՝ ընդհանուր անվտանգության առանցքային խնդիրների լուծման հարցում։ Դրանց թվում նա նշել է քաղաքական խորհրդակցությունները, ճյուղային աշխատանքային խմբերի գործունեությունը, համատեղ զորավարժությունների անցկացումն ու մշտական անելիքները։
2025 թ. նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Տաալատբեկ Մասադիկովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատելու վերաբերյալ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Ղրղզստանից գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։