Մեղսակից են բոլորը, բայց ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳ առաջին նախարարի խոսքով՝ գործող իշխանությունների աշխատելաոճն է անընդհատ մեղավորներ փնտրել ու գտնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Արցախի հետ կատարվածի հարցում մեղսակցություն ունեն բոլոր, բայց իրականում ամեն ինչի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 24 news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ համաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։
«ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Արևմուտքը․․․ բոլորն ունեն մեղսակցության աստիճանը, և մեր պատմագրությունը դա չի կարող հերքել, բայց այդ ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն էր, հանցակցությունը, գլխավոր հրամանատարի՝ արդեն խոստովանված որոշումը, որ ինքը պետք է տաներ մեր ժողովրդին դեպի պարտություն, որ հեքիաթային, հորինվածքային, իր պատկերացրած հանրապետությունը հառնի։ Կարելի է մեղադրել բոլորին, տարբեր ուժերի՝ ըստ օրվա քիմքի, կարելի է նախկինների մասին խոսել, բայց ուրիշներին մեղադրելն այս գործող իշխանության՝ իր վերջին ամիսներն ապրող ապօրինի, առ ոչինչ իշխանության հիմնական աշխատելաոճն է»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ այսօր մեր հանրապետությունը սնանկության փոսի մեջ է խրված, որից պետք է կարողանանք դուրս գալ։ Նա խոստովանեց՝ այդ պատասխանատվությունը կրում են բոլորը, այդ թվում՝ ինքը։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: