ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը այսօր Հարավային Կորեայի նախկին նախագահի տիկնոջը` Կիմ Գոն Հիին դատապարտել է 1 տարի 8 ամիս ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեղադրյալը դատապարտվում է 1 տարի 8 ամիս ազատազրկման», – որոշել է դատարանը։
Դատական նիստը հեռարձակվել է ուղիղ եթերով։
Կիմ Գոն Հին մեղադրվում էր «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցչից թանկարժեք նվերներ ստանալու համար։
«Ամբաստանյալը, թեև ուշացումով, գիտակցում է իր վարքի անխոհեմությունը` կապված պայուսակների և այլ իրերի ընդունման հետ, և որոշակի առումով զղջում է։ Նախկինում դատվածություն չունի։ Դատարանն այդ հանգամանքները դիտարկում է որպես մեղմացուցիչ», – հայտարարել է դատավորը։
Կիմ Գոն Հին՝ նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի կինն է։ Վերջինը 2024 թվականի դեկտեմբերի 3-ին անհաջող փորձ ձեռնարկեց երկրում ռազմական դրություն մտցնելու։ Նրա կինը մեղադրվում էր Deutsch Motors–ի արժեթղթերի հետ կապված խարդախության, «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից թանկարժեք նվերներ ստանալու (պայուսակներ և զարդեր) համար` գործնական ծառայությունների մատուցման և ընտրությունների ժամանակ հասարակական կարծիքի հարցումները կեղծելու հարցում խարդախությունների դիմաց։
2025 թվականի դեկտեմբերին հատուկ դատախազ Մին Չժուն Գին ընդհանուր առմամբ 15 տարվա ազատազրկում և 2 մլրդ վոնի (1.4 մլն դոլար) տուգանք հայցեց՝ «Կապիտալի շուկայի մասին», «Քաղաքական հիմնադրամների մասին» և «Կոռուպցիայի համար պատժի մասին» օրենքները խախտելու համար։