ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքները հասարակությանը շեղելու համար են․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը Եռաբլուրում
Պատգամավորի խոսքով՝ ներկա իշխանության գործունեության հետևանքով միլիարդավոր դոլարների զինտեխնիկա է ոչնչացվել կամ որպես ռազմավար հանձնվել թշնամուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ գործող իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին անընդհատ ուղղվող մեղադրանքներն ինչ-որ առումով արհեստական են, որոնց նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է ողբերգական հետևանքների բերած հիմնական իրադարձություններից։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ համաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։ Փաշինյանը հավելել էր, որ Հայաստանի առջև ստեղծված «գոյաբանական սպառնալիքները» հնարավոր եղավ հաղթահարել Պրահայում ստորագրված փաստաթղթով և ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցմամբ։
«Հայաստանը մինչև 2018թ․ ձեռք է բերել մեծ թվով այնպիսի սպառազինություն, ռազմական տեխնիկա, որը հնարավորություն է տվել ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, հայ ժողովրդի խաղաղությունը։ Այս տեսանկյունից եղել են բավարար հնարավորություններ և միջոցներ՝ ադրբեջանական շարունակական ագրեսիայի տարբեր դրսևորումները հետ մղելու և Ադրբեջանին իր տեղը ցույց տալու համար։ Այդ քննարկումները որոշակիորեն համարում եմ արհեստական՝ նաև շեղելու հասարակության ուշադրությունը հիմնական իրադարձություններից՝ հնարավորություն չտալով շատ ավելի խորը գնահատելու իրական իրադարձությունների դասավորությունը»,- ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները պարբերաբար հպարտանում են, որ ներկայում բանակը համալրվում է ժամանակակից, թանկարժեք սպառազինությամբ, Աբրահամյանը չարդարացված է համարում։
«Գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով միլիարդների զինտեխնիկա ու սպառազինություն է ոչնչացվել կամ որպես ավար հանձնվել Ադրբեջանին։ Այն մարդիկ, որոնց քաղաքականության հետևանքը մեր երկրի համար և՛ տարածքային, և՛ մարդկային առումով եղել է ողբերգական, չեն խոսում այդ ամենի թվային արտահայտման մասին, բայց խոսում են զինտեխնիկայի ձեռքբերումների մասին»-, ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ժամանակն է ապացուցելու, թե ինչպես է գործող իշխանությունը վատնել պետության հնարավորությունները կամ դրանք ծառայեցրել թշնամու շահերին։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։