ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հաջորդ հավանական հարձակումն ավելի կործանարար կլինի, քան 2025 թվականի հունիսի հարձակումը։
«Հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի: Թույլ մի՛ տվեք, որ դա կրկնվի»,– գրել է նա «Truth Social» սոցցանցում։
Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը կգնա միջուկային զենքի վերաբերյալ գործարքի՝ հավելելով, որ դրա համար նախատեսված ժամանակը սպառվում է:
«Հույս ունեմ, որ Իրանն արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կգնա ազնիվ գործարքի՝ ոչ մի միջուկային զենք։ Այնպիսի գործարքի, որը կգոհացնի բոլոր կողմերին: Ժամանակն անցնում է, սա իսկապես կարևոր է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը սոցցանցում:
Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։