Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 82-րդ տարեդարձին ծաղկեպսակ է դրել Պիսկարյովյան գերեզմանոցի «Մայր հայրենիք» հուշակոթողին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հուշահամալիրում Պուտինին դիմավորել են Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իգոր Ռուդենյան և Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը: Մինչ հուշակոթող մտնելը նախագահն անցել է Փառքի ծառուղով։
ՌԴ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատարարների և քաղաքի բնակիչների հիշատակին: Պուտինը հուշակոթողի պատվանդանին կարմիր վարդերի ծաղկեպսակ է դրել, ապա գլուխ խոնարհել կոթողի առջև: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:
Զինվորական նվագախումբը կատարել է կոմպոզիտոր Վալերի Խալիլովի «Ադաջիո»-ն և «Լադոգա» երգը: Այնուհետև հնչել է Ռուսաստանի պետական օրհներգը:
Պիսկարյովյան գերեզմանատունը Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է։ Այն կառուցվել է պաշարված Լենինգրադի բնակիչների և քաղաքի պաշտպան զինվորների զանգվածային հուղարկավորությունների վայրում։
Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է մոտ 100 հազար հայ, որոնցից ավելի քան 20 հազարը զոհվել են։ Տասըհայ զինվոր արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Հայաստանը փրկություն է դարձել հարյուրավոր որբ երեխաների համար. միայն Սանահին գյուղում ապաստան և խնամք են ստացել ավելի քան 200 փոքրիկ լենինգրադցիներ: