Երևան-Գյումրի ավտոճանապարհին շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ տուժածներից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի տեղափոխվել է մարզային և երևանյան բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում բախվել են ընդհանուր 15 տրանսպորտային միջոց, կան տուժածներ։
«Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր»,–գրել է նախարարը։
Նա հորդորել է ճանապարհներին լինել ավելի զգոն ու զգույշ, պահպանել անվտանգության կանոնները` պարտադիր ամրակապվել, իսկ մինչև 7 տարեկան երեխաների դեպքում` օգտագործել «քարսիթ»:
Ըստ նախնական տեղեկությունների` շղթայական վթարի պատճառ է դարձել մերկասառույցը։