Արմեն Դուլյանի մահվան տարելիցն է. մեկնարկել է լրագրողական մրցանակաբաշխությունը

Մրցանակաբաշխությունը, որը կլինի ամենամյա, կամփոփվի մեր գործընկեր Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայտնի լրագրող Արմեն Դուլյանի մահվան առաջին տարելիցին, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է «Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկի մասին։

«Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում»,–հայտնել է Ժուռնալիստների միությունը։

Մրցութային հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում: Մրցանակային գումարի, արձանիկի կրկնօրինակի և հանդիսության անցակցման համար կհայտարարվի դրամահավաք։
Մրցանակային արձանիկը
Մրցանակաբաշխությունը, որը կլինի ամենամյա, կամփոփվի մեր գործընկեր Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։
Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։