ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ռուսական պետական «Ռոստեխ» կորպորացիան վերջնական դուրս է եկել Սամվել Կարապետյանի ընկերության հետ բժշկական նպատակներով կենտրոնացված լաբորատոր ծառայություն ստեղծելու համատեղ նախագծից։
Պետական ընկերությունը նախատեսում էր «Տաշիր Մեդիկա»-ի հետ համագործակցությամբ բժշկական լաբորատորիաների ցանց ստեղծել։ Պայմանագիրը ստորագրվել էր 2021 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ, գրում է «Կոմերսանտը»։
Նախագծի ներդրումների ծավալը չէր հրապարակվում։ Իսկ դրանից մի քանի տարի առաջ «Ռոստեխը» նմանատիպ նախագծի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել Siemens-ի հետ, սակայն այն այդպես էլ չիրականացվեց։
Պարբերականի համաձայն՝ «Ռոստեխի» կառույցը ի դեմս` «ՌՏ` բիզնեսի զարգացում» ՍՊԸ-ի, 2025 թվականի վերջին «Տաշիր Մեդիկա»-ին է փոխանցել «Կենտրոնացված ախտորոշիչ համակարգերի» 10%–ը։ Այժմ «Տաշիր Մեդիկա»-ն այդ ընկերության միակ բաժնետերն է։
Ինչպես նշված է «Տաշիր Մեդիկա»–ի կայքում, «Կենտրոնացված ախտորոշիչ համակարգեր» ՍՊԸ-ն «Ռուսաստանի Դաշնությունում բարձր տեխնոլոգիական կենտրոնացված կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների ցանցի ստեղծման օպերատոր է»։
Ենթադրվում էր, որ համատեղ ձեռնարկությունը դաշնային օպերատոր կդառնա, որը Ռուսաստանի մի քանի մարզերում կհամախմբի լաբորատոր հետազոտությունները։ Դրա հիման վրա հինգ տարում նախատեսվում էր բժշկական կենտրոնների ցանց ստեղծել։