ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նիդեռլանդների ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանությանը պաշտոնապես տեղեկացրել է ԵՄ-ի ներսում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու մասին: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Հաագայում ՌԴ դիվանագիտական առաքելությունից։
Ավելի վաղ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակում հայտարարվել էր, որ Եվրամիության անդամ երկրներում հավատարմագրված ռուս դիվանագետները և հյուպատոսական աշխատակիցներն այսուհետ պարտավոր կլինեն տեղեկացնել Շենգենյան գոտու այն երկրի իշխանություններին, որի սահմանը մտադիր են հատել, այդ թվում՝ տարանցիկ մուտքի դեպքում։ Սահմանափակումները պետք է ուժի մեջ մտնեին հունվարի 25-ից։
«Անցյալ շաբաթ թագավորության արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանությանը պաշտոնապես իրազեկել է Նիդեռլանդներում տեղաշարժի նման կարգի ներդրման մասին»,-գործակալությանը հայտնել են դեսպանությունից։
Դիվանագիտական առաքելությունում նշել են, որ եվրոպական իշխանությունների այս քայլը դիտարկում են որպես ճնշման նպատակաուղղված քաղաքականության և իրավունքի նորմերի ընտրողական կիրառման հերթական տարր։