Իրաքի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է` Սիրիայում աճում Է ԻՊ*-ի զինյալների թիվը

Բաղդադը նշում է՝ ԻՊ-ի ուժեղացումը վտանգ է Իրաքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ ալ-Շաթրին հայտարարել է, որ Սիրիայում աճում է «Իսամական պետություն»* խմբավորման զինյալների թիվը։ Այս մասին գրում է «The Washington Post»-ը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայում ԻՊ-ի զինյալների թիվը 2000-ից հասել է 10 000-ի:

«Դա անշուշտ վտանգ է Իրաքի համար, քանի որ ԻՊ-ը՝ լինի դա Սիրիայում, Իրաքում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, միասնական կազմակերպություն է և անկասկած կրկին կձեռնարկի ահաբեկչական գործողությունների փորձեր»,-ասել է ալ-Շաթրին:

Ավելի վաղ մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Սիրիայի անցումային կառավարության զորքերը «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) դեմ հունվարյան գործողության ընթացքում ՍԴՈւ-ի հենակետերը և քրդերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը գրավելու ընթացքում ճամբարներից ու բանտերից ազատ են արձակել բանտարկյալներին, այդ թվում՝ ԻՊ-ի հազարավոր անդամների ընտանիքներին:
ԻՊ* (Իսլամական պետություն)՝ ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։