Հայաստանը պատրաստ է ընդունելու Ադրբեջանի պատվիրակությանը COP 17–ին. ՇՄ նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը. Արխիվային լուսանկար
Նախարար Համբարձում Մաթևոսյանը COP 17-ի կազմկոմիտեի նախագահն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ընդունելու Ադրբեջանի պատվիրակությանը մեր երկրում այս տարի անցկացվելիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովին։ Այս մասին այսօր 2025 թ. աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նա պատասխանեց լրագրողի այն հարցին` արդյոք կոնվենցիայի անդամ բոլոր երկրնե՞րն են հաստատել իրենց մասնակցությունը, արդյոք Ադրբեջանն այդ ցանկում կա՞ և ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատրաստվում ընդունել Ադրբեջանի ներկայացուցիչներին։
«Այո, իհարկե, մենք պատրաստ ենք ընդունելու Ադրբեջանի պատվիրակությանը։ Բոլոր անդամ երկրները տեղեկացված են միջոցառման օրերի հետ կապված։ Պաշտոնական հրավեր դեռ չի ուղարկվել, սակայն առաջիկայում կուղարկվի։ Կարծում եմ` բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների մեծ մասնակցություն կունենանք։ Թե որ երկրները կհաստատեն, որոնք` ոչ, առայժմ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` COP17–ի անդամ երկրները 196–ն են, և հրավիրող կողմը միայն միջոցառման հյուրընկալող և նախագահող Հայաստանը չէ, այլ նաև ՄԱԿ–ը, հրավերներն էլ անդամ երկրներին ուղարկվելու են համատեղ։
«Մենք հրավիրում ենք բոլոր 196 երկրներին։ Միջոցառման խորագրերից մեկն այն է, որ մենք միասին աշխատենք ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ, և այդ աշխատանքների մեջ չի կարելի որևիցե երկրի դուրս թողնել։ Մենք պատրաստակամ ենք հյուրընկալել բոլոր երկրներին ու պատվիրակություններին»,– ևս մեկ անգամ շեշտեց Մաթևոսյանը։
Ի դեպ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP 17-ի կազմկոմիտեի նախագահն է։
Նշենք, որ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը: