Բաքուն հայտնել է 2025 թվականին Հայաստանին մատակարարված բենզինի արժեքը

Անցյալ տարվա վերջին Հայաստանն առաջին անգամ Ադրբեջանից 1200 տոննա բենզին է գնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ադրբեջանը 2025 թվականին Հայաստանին 788,8 հազար դոլարի վառելիք է մատակարարել, հայտնում է Ադրբեջանի մաքսային կոմիտեն։
Խոսքը դեկտեմբերին Հայաստան ժամանած 1200 տոննա բենզինի մասին է։ Այս տվյալների համաձայն՝ ադրբեջանական ԱԻ-95 տեսակի բենզինի միջին գինը Հայաստանի համար կազմել է 250 դրամ մեկ լիտրի համար։ Այս վառելիքը հայկական շուկայում վաճառվում է 440 դրամով։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին, մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ, Հայաստան ադրբեջանական բենզինի խմբաքանակ է ժամանել. 1200 տոննա նավթամթերքը տեղափոխվել է Վրաստանի տարածքով։ Իսկ հունվարի սկզբին Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել՝ 6100 տոննա բենզին և 1500 տոննա դիզվառելիք։