ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՈւԵՖԱ-ն չի որակազրկել Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովին՝ չնայած ուկրաինական կողմի բողոքին։ Այս մասին հայտնում է Sportaran.com–ը` հավելելով, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը չեղարկել է հարձակվողին մեկ խաղով հեռացնելու իր նախնական որոշումը:
Ուսումնասիրելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը, որը ներառում էր խաղից կադրեր, որոնցում հստակ երևում է, որ Նևեդրովը չի արտասանում իրեն վերագրվող խոսքերը, ՈւԵՖԱ-ն վերանայել է գործը և հանել որակազրկումը:
ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել ֆուտբոլիստին մեկ տարի պայմանական որազրկելու մասին: Խախտման դեպքում Նեվեդրովը կստանա երկխաղյա որակազրկում, իսկ այսօր նա կմասնակցի ԵԱ-ի երկրորդ փուլի հանդիպմանը Չեխիայի հավաքականի դեմ:
Հիշեցնենք, որ ֆուտզալի՝ Հայաստան-Ուկրաինա հանդիպման շուրջ կրքերը չէին հանդարտվում։ Բանն այն է, որ հունվարի 22-ին Լիտվայում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի առաջին խաղում ուկրաինացի ֆուտբոլիստները հրաժարվել են ձեռքսեղմումով ողջունել Հայաստանի հավաքականի այն անդամներին, ովքեր հանդես են գալիս նաև Ռուսաստանի Դաշնության առաջնությունում։
Խաղի ավարտից հետո, ի պատասխան այս ամենի, Հայաստանի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը գրառում է արել իր ինստագրամյան էջում:
Դրանից հետո ուկրաինական կողմը բողոքով դիմել է ՈւԵՖԱ-ին, իր հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս նամակ է հղել ՈւԵՖԱ՝ ներկայացնելով իրական պատկերը։