«Լավագույն ձայնն աշխարհում». Ուիտկոֆը Պուտինի թարգմանչին «լեգենդ» է անվանել

Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թարգմանիչ Ալեքսեյ Սադիկովի հետ հանդիպման ժամանակ վերջինիս «լեգենդ» է անվանել։ Կրեմլում կայացած հանդիպման կադրերը իր Telegram-ալիքում հրապարակել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը։
«Օ՛, լեգենդ։ Հիմա կարող եմ ճանաչել Ձեր ձայնը։ Լավագույն ձայնն է երկրագնդում», -ասել է Ուիտկոֆը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի, գործարար Ջարեդ Քուշների և Սպիտակ տան ավագ խորհրդական, ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության գնումների դաշնային ծառայության կոմիսար Ջոշ Գրյունբաումի հետ տեղի են ունեցել հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը և տևել են շուրջ չորս ժամ։ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են, որ հունվարի 23-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կկայանա անվտանգության հարցերով ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը։
Կողմերը, բացի այդ, քննարկել են Գազայի հարցով Խաղաղության խորհրդի, Գրենլանդիայի և երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել ուկրաինական և այլ թեմաների շուրջ։