ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Իրանի և Վրաստանի տարածքով լոգիստիկայի հետ կապված խնդիրները Հայաստանին ստիպում են փնտրել այլընտրանքային երթուղիներ՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով տարանցումը։ Փոխադրողներն ու փորձագետները բացատրում են, թե որտեղ են իրական ռիսկերը, որ ճանապարհներն են ավելի արագ, և ինչ վտանգներ ունի տարածաշրջանում երկարատև անկայունությունը:
Հայաստանը փաստացի ընդունել է Իրանի և Վրաստանի տարածքով մատակարարումների լոգիստիկայի հետ կապված լուրջ բարդությունների առկայությունը։ Իրանում ներքին անկայունության, ինչպես նաև եղանակային պայմանների պատճառով Ռազմավիրական ճանապարհի փակման հետ կապված տրանսպորտային և մաքսային համակարգերի աշխատանքի ընդհատումների ֆոնին երկրի իշխանությունները սկսել են դիտարկել այլընտրանքային երթուղիները: Դրանցից մեկը դարձել է Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին։
Ադրբեջանական տարածքով հացահատիկի և նավթամթերքի մատակարարումների մեկնարկից հետո Հայաստանում ևս դիտարկում են այդ երթուղով հեղուկացված բնական գազի ներկրման հնարավորությունը: Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ նոր ճանապարհը դիտարկվում է որպես գործող՝ Վերին Լարսի անցակետի և Իրանի տարածքով անցնող ուղղությունների ժամանակավոր այլընտրանք:
Իրանի տարածքով երթուղու բարդությունները
Իրանում առկա իրավիճակի ազդեցությունը մատակարարումների լոգիստիկայի վրա ակնհայտ է, և դա հաստատում են հենց փոխադրողները։ Հիմնական դժվարությունները կապված են ոչ թե երթուղիների անվտանգության, այլ տեխնիկական խափանումների՝ առաջին հերթին ինտերնետի անջատումների և վարորդների հետ կապի խախտման հետ։
«Cargo Express» լոգիստիկ ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց, որ ընկերության՝ Չինաստանից Իրանի տարածքով տարանցվող բեռնատարներից մեկը մոտ 4 օր մնացել է Իրան-Հայաստան սահմանին։ Ընդ որում, նրա խոսքով, ուշացումը կապված չի եղել ո՛չ երթուղու անվտանգության, ո՛չ ճանապարհների սահմանափակումների հետ։
«Ուշացումները առաջացել են բացառապես սահմանային և ծրագրային խափանումների, այլ ոչ թե բուն տարանցիկ երթուղու պատճառով։ Ճանապարհին ո՛չ սահմանափակումներ են եղել, ո՛չ էլ հարկադիր կանգառներ», - պարզաբանեց Հաբեշյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը հենց տարանցիկ բեռների մասին է, այլ ոչ թե իրանական ծագման ապրանքների:
Հեռավորության առումով Ռուսաստանի տարածքով երթուղին ավելի կարճ է, բայց ուղղության ընտրությունը կախված է մեծապես տարվա եղանակից: Եղանակային առավել բարենպաստ պայմանների պատճառով ձմռանը ընկերությունը հաճախ նախապատվություն է տալիս իրանական երթուղուն:
Այսպես, բեռները Հայաստան են հասնում Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով։ Սակայն մինչև Իրանում իրավիճակի ամբողջական կարգավորումը ընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես վերաուղղորդել բեռնափոխադրումները «Վերին Լարս» անցակետով: Այս դեպքում լոգիստիկան կառուցվում է հետևյալ սխեմայով՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ռազմավիրական ճանապարհ-Վրաստան-Հայաստան:
Հաբեշյանի խոսքով, այսպես կոչված «Լարսի» գործոնը հաճախ է հանգեցնում զգալի ուշացումների։ Բացի այդ, ձմռանը Ղազախստանի արևմտյան շրջաններում ծայրահեղ ծանր եղանակային պայմանները զգալիորեն բարդացնում են տրանսպորտի երթևեկությունը։ Այդ իսկ պատճառով տարվա ցուրտ եղանակին իրանական ուղղությունը Հայաստան բեռների առաքման համար համարվում է ավելի արագ և հարմար։
Եղանակային պայմանների կայունացմամբ պայմանավորված՝ ամռանն առաջնահերթությունը, որպես կանոն, կրկին տրվում է Ռուսաստանի տարածքով անցնող երթուղուն։ Հաբեշյանը հույս հայտնեց, որ ներկայիս իրավիճակը շուտով կկարգավորվի և կհաջողվի խուսափել լոգիստիկայի համար լուրջ ցնցումներից՝ նշելով, որ Իրանում ցանկացած ճգնաժամային գործընթաց ուղղակիորեն ազդում է Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա:
Նա նաև զուգահեռներ անցկացրեց 2025 թվականի հունիսյան իրադարձությունների հետ՝ նշելով, որ Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական բախումների պատճառով այն ժամանակ ռիսկերը զգալիորեն ավելի մեծ էին:
«Այն ժամանակ՝ Իրանի տարածքով փոխադրումներ անելիս, մենք պարզապես կանգնեցնում էինք մեքենաները հնարավոր թիրախ հանդիսացող ռազմավարական օբյեկտներից հեռու, անվտանգ վայրերում։ Իրավիճակի կայունացումից հետո փոխադրումները վերսկսվեցին։ Դա պատերազմական իրավիճակ էր, իսկ այդ դեպքում ռիսկերը, անշուշտ, շատ ավելի մեծ են։ Դրա հետ ներկայիս իրավիճակն անհամեմատելի է՝ խոսքը ներքին անկարգությունների մասին է», - նշեց նա։
Չինաստանից եկող բեռների տեսականին բավականին լայն է և ձևավորվում է՝ հաշվի առնելով հայկական շուկայում ներքին պահանջարկը:
«Վտանգավոր և առանձնապես վտանգավոր բեռներ մենք, բնականաբար, չենք տեղափոխում։ Դրանք հիմնականում մասսայական պահանջարկի ապրանքներ են Հայաստանի բիզնեսի և շուկայի համար», - ընդգծեց նա։
Ընկերությունում հույս ունեն, որ իրավիճակը տարածաշրջանում մոտ ժամանակներս կկայունանա, ինչը թույլ կտա վերադառնալ Իրանի տարածքով սովորական և ավելի արդյունավետ լոգիստիկ երթուղիներին:
Իրանի շուրջ լարվածությունը լուրջ ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար
Տնտեսագետ Կարեն Ադոնցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց Հայաստանի համար իրանական ուղղության ռազմավարական նշանակությունը։ Նրա գնահատմամբ՝ Իրանի տարածքով տարանցումն ապահովում է երկրի լոգիստիկ գործընթացների մոտ 30 %-ը՝ այդ թվում՝ առևտուրը, արտահանումը և ներմուծումը:
«Իրանի միջոցով Հայաստանը փաստացի ելք ունի դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ, որոնք հատկապես կարևոր են վերամշակող արդյունաբերության համար», - ընդգծեց նա:
Փորձագետը նաև նշեց, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները դուրս են գալիս ներքին խնդիրների շրջանակներից և ձևավորվում են միանգամից մի քանի ռազմավարական գործոնների ազդեցության տակ: Նրա խոսքով՝ Իրանն այսօր գտնվում է բարդ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։
Մի կողմից՝ խոսքը ժողովրդավարական վերափոխումների գործոնի մասին է, որոնք, ընդհանուր առմամբ, աջակցություն են գտնում Արևմուտքում։ Մյուս կողմից՝ խոսքը այսպես կոչված «թյուրքական աշխարհի» ռազմավարության մասին է, որն ուղղված է Իրանի թուլացմանը և հնարավոր մասնատմանը՝ երկրի հյուսիսային շրջաններում Անկարայի դերի ուժեղացման և Կենտրոնական Ասիայի հետ հաղորդակցությունների պարզեցման նպատակով։
Ադոնցի կարծիքով՝ հենց այդ գործոնների համադրությունն է ձևավորում Իրանի շուրջ կայուն և ձգձգվող լարվածությունը:
Պաշտպանական և աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից Իրանը, որպես առանցքային ելք դեպի Պարսից ծոց և ռիսկային ծովային երթուղիների այլընտրանք, կենսական նշանակություն ունի Ռուսաստանի և Չինաստանի համար: Մասնագետի կարծիքով, հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ երկրի շուրջ լարվածությունը դեռ չի հասել գագաթնակետին. այստեղ զգալի դեր են խաղում Ռուսաստանի և որոշ չափով Չինաստանի ջանքերը:
Ադոնցը չի բացառում, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները կարող են ձգձգվել։ Այս պայմաններում, ըստ նրա, Հայաստանը պետք է լրջորեն մտածի լոգիստիկ հնարավորությունների վերաիմաստավորման և նույնիսկ տնտեսության կառուցվածքի վերափոխման մասին, որպեսզի փոխհատուցի հնարավոր կորուստները, պահպանի արտահանման շուկաները և արժութային մուտքերը:
Փորձագետի պարզաբանմամբ՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես հենվում է վարկերի, շինարարության և ծառայությունների ոլորտի վրա։ Արտահանման և արտարժութային մուտքերի կրճատման, ինչպես նաև դրամի փոխարժեքը նախկին արժեքներին վերադարձնելու (1 դոլարի դիմաց մոտ 480-500 դրամ) դեպքում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, որն այժմ կազմում է մոտ 53-55 %, կարող է կտրուկ աճել մինչև 75 %։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների։
Երթուղի՝ Ադրբեջանով
Ադոնցը վստահ է, որ Ադրբեջանով անցնող այլընտրանքային երթուղիները չեն կարող երկարաժամկետ հեռանկարում հուսալի համարվել: Նրա խոսքով՝ տարածաշրջանում շարունակվում է ազդեցության համար պայքարը, և Բաքուն հետևողականորեն մեծացնում է իր ազդեցությունը: Այս պայմաններում Ադրբեջանից միակողմանի կախվածությունն ուղղակի սպառնալիք է Երևանի համար։
Սակայն, ըստ փորձագետի, դա չի նշանակում, որ սահմանները չպետք է բացենք։ Ընդհակառակը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները պետք է բացվեն, իսկ հարաբերությունները՝ կարգավորվեն։
Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտի, իսկ Իրանը նրա համար կենսական նշանակություն ունի:
«Անհրաժեշտ է քաղաքականություն իրականացնել առանց հույզերի՝ սթափ համադրելով ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և Չինաստանի շահերը և հավասարակշռություն գտնելով հօգուտ Հայաստանի զարգացման։ Գրագետ մոտեցման դեպքում նման բալանսը հնարավոր է», - հայտարարեց նա։
Հարավային Կովկասում տնտեսական հարաբերությունները, փորձագետի կարծիքով, պետք է կառուցվեն կոոպերացիայի սկզբունքներով։ Հայաստանի համար առանցքային խնդիր է սեփական արդյունաբերության վերականգնումն ու զարգացումը և ինտեգրումը տարածաշրջանի ընդհանուր տնտեսական և արտադրական հայեցակարգին: Հակառակ դեպքում ռիսկերը միայն կմեծանան, իսկ ցանկացած գլոբալ ճգնաժամ առաջին հերթին կհարվածի այն ոլորտներին, որոնց վրա այսօր հենվում է՝ զբոսաշրջությանը, շինարարությանը, հումքին և ագրարային ոլորտներին։ Դա արդեն եղել է և՛ 2008-2009 թվականներին, և՛ COVID-19 համաճարակի ժամանակ։ Ռազմավարական համարվող ոլորտները գործնականում չափազանց խոցելի են։
Առանց շուկաների դիվերսիֆիկացման և արդյունաբերության զարգացման տնտեսությունը մնում է անկայուն: Փորձագետն ընդգծում է՝ չի կարելի գայթակղվել ժամանակավոր տնտեսական աճով, քանի որ այսօր աշխարհում պայքար է ընթանում նոր ոլորտների՝ արհեստական բանականության, տեխնոլոգիաների, նոր նյութերի և մետաղների համար։ Տեղի է ունենում համաշխարհային տնտեսության գլոբալ վերափոխում, և աշխարհաքաղաքական ողջ ժամանակակից մրցակցությունը ծավալվում է հենց այդ գործընթացների շուրջ։