ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2026-ի փլեյ-օֆֆ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Լիտվայում ընթացող առաջնությունում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի հավաքականին` ապահովելով իր տեղը 1/4 եզրափակչում։
Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի ընկան Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որը դուբլ ձևակերպեց: Եվս մեկ գոլ գրանցվեց ինքնագոլի արդյունքում:
Խմբային փուլի վերջին հանդիպումը ֆուտզալի ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով տանտերերի՝ Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովեց իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում:
Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը: