Չարին չարով չենք պատասխանելու. Ռուբեն վարդապետի քարոզը Դալարի եկեղեցում

Ռուբեն վարդապետի խոսքով` չարը երախը բացել է եկեղեցու դեմ, բայց եկեղեցու ներսում չպետք է պառակտում լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին չի պատրաստվում չարին չարով պատասխանել։ Այսօր Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և անմահ պատարագի քարոզի ժամանակ այս մասին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետը։
Նա նշեց, որ եկեղեցին կանգնած է ալեկոծության առաջ. մթություն է, որտեղ չար ուժերն են աշխատում, Մասյացոտնի թեմի «նավակն» ալեկոծության մեջ է, և իրենք փորձում են Տիրոջով չվախենալ։
«Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ։ Աստծո խոսքը քարոզելու, ճշմարտություն տարածելու, եղբայրություն ստեղծելու, պառակտումը վերացնելու, հարգանքի, բաժնեկցության և Սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու ճանապարհով ենք գնում։ Չարին չարով չենք պատասխանելու»,– ասաց նա։
Ռուբեն վարդապետը հավելեց, որ իրենք հաշտության օրակարգ ունեն նաև դարձի եկողների համար, եկեղեցու ներսում չպետք է պառակտում լինի։
Հիշեցնենք` հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում են վեհափառի հրաժարականը:
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։