«Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր

Անկարգությունների կազմակերպիչների նպատակը մեկն է` Իրանին ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ՝ երկրի անխուսափելի փլուզմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Իրանում ցանկանում էին գործի դնել սիրիական սցենարը՝ սերմանելով քաղաքական քաոս, որն անխուսափելիորեն կվերաճեր քաղաքացիական պատերազմի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հայալեզու «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։
Ի սկզբանե բողոքներն իսկապես սոցիալ-տնտեսական բնույթ ունեին և կապված էին ազգային արժույթի` ռիալի արժեզրկման հետ, սակայն արդեն 3-րդ օրը, ըստ մեր զրուցակցի, ակցիաները սկսեցին հետզհետե վերափոխվել, իսկ դրանց իմաստն ու ուղղվածությունը՝ աղավաղվել: Ակնհայտ դարձավ, որ իրականում փորձ է արվում Իրանին ներքաշել քաղաքական քաոսի մեջ, իշխանության վակուում ստեղծել և ներքին բախումներ հրահրել, ինչը հետագայում կարող էր հանգեցնել երկրի փլուզման: Այսինքն` դա «սիրիական սցենար» իրագործելու փորձ էր։

«Զանգվածային էյֆորիայի պայմաններում մարդիկ դադարում են գիտակցել, թե ինչ է կատարվում, և յուրաքանչյուր զոհի պատասխանատվությունը դնում են գործող իշխանության վրա։ Այս գործընթացների հետևում կանգնածների համար` որքան շատ զոհ, այնքան լավ։ Հենց այդպես ամեն ինչ սկսվեց նաև Սիրիայում, որտեղ առաջին բողոքներն ի վերջո վերաճեցին քաղաքացիական պատերազմի: Մեկ այլ նմանություն էլ կա` ապստամբների կողմից գոնե մեկ-երկու քաղաք վերահսկողության տակ վերցնելու փորձերը»,- նշեց Շահնազարյանը։

Անկարգությունների ծավալներն աննախադեպ էին։ Ցույցերն ուղեկցվում էին վանդալիզմի բազմաթիվ դրսևորումներով, շենքերի ու մզկիթների հրկիզումներով։ Մի քանի օրում այրվեց մոտ 200 մզկիթ, գրեթե նույնքան դպրոց վնասվեց: Փողոցներում ցուցարարներն այրում էին Ղուրանն ու «Ալլահ աքբար» գրությամբ պետական դրոշը`միաժամանակ ձեռքերում պահելով շահի ժամանակների դրոշը՝ առյուծի և արևի պատկերով:
Շահնազարյանը սա պարադոքս անվանեց՝ հիշեցնելով, որ շահի ժամանակների դրոշը նաև շիական սիմվոլիզմի տարրեր ունի՝ առյուծը մարմնավորում է առաջին շիա իմամ Ալիին, իսկ հինգ ճառագայթով արևը՝ շիիզմի հինգ սրբավայրերը:
Նա ցավով նշեց, որ բողոքի ցույցերին ակտիվ մասնակցություն ուներ նաև երիտասարդությունը, և այս համատեքստում հիշեցրեց` իշխանություններն իրենք ընդունեցին այսպես կոչված «կոգնիտիվ պատերազմում» իրենց պարտությունը՝ չկարողանալով ամբողջությամբ հանրությանը փոխանցել, թե ով և ինչ նպատակներով էր բորբոքում բողոքի տրամադրությունները։
Շահնազարյանի խոսքով՝ անկարգությունների կազմակերպիչների հիմնական թիրախը դարձան 15-22 տարեկան պատանիներն ու երիտասարդները: Նրանց վճարում էին համեմատաբար փոքր գումարներ՝ 50-100 դոլար, և այդ փողը փոխանցում էին մեկ դոլարանոց թղթադրամներով` հաշվի առնելով հոգեբանական ազդեցությունը. 50-100 հատ արտասահմանյան թղթադրամների փաթեթը ծանրակշիռ խթան էր դեռահասների համար։
Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ապա, ըստ Շահնազարյանի, նրանք կապված են եղել իսրայելական և արևմտյան հետախուզության հետ: Ցավոք, այս տարիների ընթացքում իսրայելական «Մոսադը» կարողացել է Իրանի ներսում գործակալական լայն ցանց ստեղծել. դրա տխուր հետևանքները Իրանը զգացել է անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ: Եվ չի կարելի ասել, որ այս ցանցն ամբողջությամբ բացահայտված է։
Մեր զրուցակցի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի բողոքի ցույցերի ֆոնին Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պահվածքը: Իրանի երկու ավանդական հակառակորդները զարմանալիորեն չօգտվեցին այս բողոքի ակցիաներից։ Ավելին` Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ որևէ աջակցություն չի ցուցաբերի ցուցարարներին, իսկ թուրքական հետախուզությունն իրանցի գործընկերներին փոխանցեց, որ զինված խմբավորումներ են ներթափանցել Իրան:
Էր Ռիադի և Անկարայի այս քաղաքականությունն իր պատճառներն ունի. նրանք հասկանում են, որ եթե Իսրայելին և նրա հետևում կանգնած ուժերին հաջողվի քանդել Իրանը, ապա հրեական պետության հաջորդ թիրախները կարող են դառնալ իրենք: Դեր խաղաց նաև Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման վտանգը` ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու դեպքում։ Հորմուզի նեղուցը փակելով` Իրանը կաթվածահար կաներ նավթի համաշխարհային առևտրի մինչև 20%-ը, որից առաջին հերթին կտուժեին Պարսից ծոցի արաբական պետությունները։ Հենց այդ պատճառով էլ Իրանի հարևանները նման պրագմատիկ դիրքորոշում որդեգրեցին։
Արամ Շահնազարյանի խոսքով` Իրանի իշխանություններն այս փուլում կարողացել են երկրում իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, բայց ամերիկացիների կողմից Մերձավոր Արևելքում ուժերի և միջոցների կուտակումը, նավատորմի և ավիացիայի տեղափոխումը թույլ չեն տալիս ակնկալել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սպառնալիքը վերացել է։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին 2025–ի դեկտեմբերին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։