Արցախից 10 հայերի ու ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացու տեղահանության պատճառը ենթադրաբար եղել են ռասիզմն ու անտանելի պայմանները. Sputnik Արմենիային ասել է միջազգային իրավական հարցերով մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` հիշեցնելով, որ 2023թ–ի բռնի տեղահանության օրերին այդ մարդիկ իրենց կամքով էին որոշել մնալ Արցախում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին հայտնել էր, որ արցախցիները նախապես դիմել էին Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրել էր, որ Արցախից վերադարձածների առողջական վիճակը բավարար է։ 11 արցախցիների տեղահանության պատճառների մասին պետական պաշտոնյաներն առայժմ լռում են։
Արա Ղազարյանը կարծում է, որ լռությունը կարող է երկուստեք պայմանավորվածության, իսկ արցախցիների վերադարձը` Ստեփանակերտում Կարեն Ավանեսյանի ձերբակալությունից հետո ադրբեջանցիների կողմից ճնշումների ուժեղացման հետևանք լինել։
«Այդ մարդիկ չէին բնակվում իրենց տներում` որպես ազատ քաղաքացիներ, այլ ինչ-որ առանձնացված գոտում, կոպիտ ասած` «ռեզերվուարում»։ Հետևաբար, պարզ է, որ այնպիսի պայմաններ էին ստեղծել նրանց շուրջը՝ թշնամական մթնոլորտ, անհանդուրժողական մթնոլորտ, որ իրենք, թեկուզ իրենց կամքով էին մնացել, բայց ի վերջո ցանկացել են վերադառնալ»,– ասում է Ղազարյանը` հավելելով, որ ամբողջ ճշմարտությունը, թերևս կպատմեն հենց իրենք` Արցախից վերադարձածները, եթե, իհարկե, կցանկանան հրապարակային խոսել իրենց հետ կատարվածի մասին։
Այն, որ 11 արցախաբնակները ցանկացել են Հայաստան գալ, Արա Ղազարյանի գնահատմամբ, չի տեղավորվում խաղաղության գործընթացի և դրա շուրջ ձևավորված քարոզչական պաթոսի համատեքստում։
«Նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ այնտեղ ապրող հայերը չեն ցանկանում այնտեղ ապրել»,– նշում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ոչ միայն տեղահանվածների, այլև ապօրինի պահվող անձանց դեպքում միջազգային մարմինների դերակատարությանը, Արա Ղազարյանն արձանագրում է, որ դրանք միայն միջնորդի դեր են խաղում, բայց առաջնայինը Ադրբեջանի իշխանությունների կամքն է։
Գերեվարված հայերի պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններին չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել անգամ ԿԽՄԿ–ի միջնորդությամբ։ Ասվածը վերաբերում է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանին, ով Արա Ղազարյանի վստահորդն է։
«Հիմա էլ մենք պատրաստվում ենք Կարմիր խաչի հետ կրկին կապի մեջ մտնել, տեսնել հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ ՄԱԿ–ի միջոցով բացառվում է։ Նախկինում, Ադրբեջանում գտնվող ՄԱԿ–ի մարմինների միջոցով փորձ արվել է, չի ստացվել։ Այնպես որ, այս պահի դրությամբ ռեալ այն մեխանիզմները, որոնք պետք է ստեղծվեն խաղաղության պայմանագրով և որոնց մասին մշուշոտ նշվում է, դրանց նույնիսկ նշույլները դեռ չկան»,– ասում է փաստաբանը։
Պաշտպաններին չի հաջողվում ադրբեջանական կողմից նույնիսկ Կարեն Ավանեսյանի առողջական վիճակի վերաբերյալ որևէ ինֆորմացիա ստանալ։ Հարցը բարձրացրել են նաև Եվրոպական դատարանում, որպեսզի Ադրբեջանից պահանջեն Ավանեսյանին վերաբերող բժշկական տվյալները, քանի որ Արցախի արխիվներն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։
Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նաև հայտնեց, որ անցած շաբաթ բռնի տեղահանված արցախցիների անունից 335 դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան` վերադարձի իրավունքի հիմքով։
«Եվրոպական դատարանը մեզ հնարավորություն է տվել որոշակիորեն պարզեցված ընթացակարգով դիմումներ ներկայացնել՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների անունից։ Այդ պրոցեսն արդեն 1 տարուց ավելի մենք իրականացնում ենք։ Մենք դիմումներն ընդունում ենք` որպես մասնավոր խումբ, առանց որևէ օգնության կամ միջամտության պետական մարմինների կողմից»,– ասաց նա` հավելելով, որ 1000-ից ավելի դիմում էլ կա հավաքված` գույքային իրավունքի և վերադարձի իրավունքի հիմքերով։
Եվրոպական արդարադատությունը, սակայն, Արա Ղազարյանի գնահատմամբ, ցանկալի օպերատիվություն չի ցուցաբերում։ Անգամ 2016 և 2020 թվականների պատերազմներին վերաբերող գործերը դեռ ավարտված չեն։
Հստակ պատճառ փաստաբանը դժվարանում է նշել, բայց չի բացառում, որ Եվրոպական դատարան նույնպես իր ընթացակարգերը կապում է խաղաղության գործընթացի հետ, ինչը մտահոգիչ է ու ոչ ցանկալի։
Մինչդեռ նրա համոզմամբ` ցանկացած վճիռ, որքան շուտ կայացվի, այնքան ավելի կնպաստի այդ գործընթացին։