ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Թրամփ

ԱՄՆ նախագահը մանրամասներ է հայտնել փոխնախագահ Վենսի օրակարգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վենսի այցը թույլ կտա ամրապնդել խաղաղությանը միտված նախաձեռնությունները և առաջ կմղի «Թրամփի ուղին»։
«Մենք կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության մասին հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, ինչպես նաև գործարքներ մեր խոշոր կիսահաղորդչային արտադրողների համար և կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ` ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն»,–գրել է Թրամփը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։