ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ սպորտի ֆինանսավորումը բազմապատիկ ավելացել է, ընդամենը մանիպուլյացիա է, մասնավորապես դահուկային սպորտի պարագայում փողը մեկ-երկու ամիս է հերիքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյանը, որը օրեր առաջ հրաժարվեց այդ կառույցի ղեկավարի պաշտոնից։
Գագիկ Սարգսյանը հունվարին 20-ին հայտնեց, որ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով կամ ֆեդերացիայի միջոցով հնարավոր չէ որևէ մարզաձև զարգացնել և ԿԳՄՍ նախարարությանն ուղղված խնդրանքները տարիներ շարունակ առանց լուծման են մնում։ Նրա խոսքով` հեռանալու պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի ՀՀ-ում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։
«Միգուցե իմ անձն էր նախարարության այդքան վատ վերաբերմունքի պատճառը, քանի որ ես բարձրաձայնում եմ խնդիրները, չեմ լռում։ Ես նրանց ազատեցի ինձնից։ Հիմա թող մի քանի անգամ ավել ֆինանսավորեն, չէ՞ որ, ինչպես նախարարն է պնդում, բյուջեն բազմակի ավելացել է։ Ոչ մի բան էլ չի ավելացել։ Ինձ համար դա թվերի մանիպուլյացիա է։ Հատկացված 13 մլն դրամ գումարը կարող է բավականացնել, որ հավաքականն ընդամենը մեկ անգամ մեկնի աշխարհի առաջնությանը։ «Ֆինանսավորումը մի քանի անգամ ավելացել է», իսկ ձմեռային մարզաձևերով զբաղվող մեր մարզիկները ստիպված են մինուս 20 աստիճան ցրտին աշխարհի առաջնության շքերթին մասնակցել ամառային մարզաձևերի հագուստով։ Ի՞նչ ասեմ, բրավո՛»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա նշեց, որ Հայաստանում սպորտի ոլորտում ղեկավարման երեք կարևորագույն օղակ կա` ԿԳՄՍ նախարարությունը, օլիմպիական կոմիտեն և ֆեդերացիաները։
«ԿԳՄՍ–ն սպորտի լոկոմոտիվը կամ քարշակը պետք է լինի, իսկ մեր դեպքում հակառակն է։ Ինչքա՞ն կարելի է հրել, որ այդ լոկոմոտիվը առաջ գնա։ Մինչև օրս տարեկան ֆինանսավորումը չի բացվել, ու դա տարիներ շարունակ նույն խնդիրն է եղել ու կա»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ պետության հատկացրած 13 մլն դրամը սպառվել է 2025 թվականի մարտի 1-ին՝ հենց առաջին երկու ամսվա ընթացքում։ Եվ միայն աշնանն է լրացուցիչ ֆինանսավորում հայտնվել՝ այս թեմայով բազմաթիվ խնդրանքներից, հայտարարություններից ու ուղիղ եթերներից հետո, ընդ որում, ըստ իշխանությունների հաղորդման, դա իրականացվել է մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությամբ։ Ֆեդերացիայի նախկին ղեկավարը հռետորական հարցեր է տալիս` եթե սպորտի բյուջեն այդքան աճել է, ապա ինչո՞ւ են ստիպված եղել դիմել մասնավորին։ Եվ եթե գումարը մասնավորն է տվել, ապա ո՞րն է այդ դեպքում պետության պարտավորությունը սպորտի ոլորտի նկատմամբ։
Սարգսյանը շեշտեց` ֆեդերացիան ստիպված է ամեն ինչի վրա խնայել. առանց այն էլ սակավամարդ պատվիրակության յուրաքանչյուր անդամ միանգամից մի քանի գործառույթ է իրականացնում։ Մասնավորապես, որպես կանոն, մրցումների մեկնում է հավաքականի գլխավոր մարզիչը, երբեմն էլ՝ ևս մեկ մարզիչ։ Սարգսյանն ինքը, իր իսկ խոստովանությամբ, այդպիսի ուղևորությունների ժամանակ և՛ վարորդ է եղել, և՛ ժողովների մասնակից, և՛ սահուղու կողքին կանգնած թեյ ու սնունդ է տվել մեր դահուկորդներին։ Իսկ հավաքականի մարզիչը թե՛ դահուկներն է յուղել, թե՛ մերսողի ու հոգեբանի գործառույթներ է կատարել։
«Սա հիշեցնում է խորհրդային ավտոբուսների ցուցանակը՝ «Վարորդը նաև հսկիչ է», - հեգնեց մեր զրուցակիցը։
Եվ նույնիսկ խիստ խնայողության պայմաններում Հայաստանի հավաքականը հունվարին ստիպված է եղել բաց թողնել միջազգային վարկանիշային մրցումները։
«Տիկի՛ն նախարար, ֆեդերացիան պետությանը տարեկան 9 մլն դրամ հարկ է վճարել, ու մենք լրացուցիչ ֆինանսավորում էինք խնդրում օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար։ Գումար չլինելու պատճառով հունվարին մենք բաց թողեցինք վարկանիշային վերջին մրցաշարը։ Սա փաստ է։ Մեր հավաքականը չգնաց, որովհետև մենք դրա համար գումար չունեինք»,- հայտարարեց Սարգսյանը։
Նրա խոսքով` իշխանությունները կարծես մոռանում են, որ հայկական թիմերը կոչվում են Հայաստանի հավաքականներ, և, համապատասխանաբար, պետությունը պետք է պատասխանատվություն կրի նրանց համար։ Առավել ևս, երբ խոսքը դահուկային սպորտի մասին է, որն ամբողջ աշխարհում համարվում է ռազմակիրառական մարզաձև, և, նրա կարծիքով, դա պետք է հասկանան նաև Հայաստանի պատասխանատու պաշտոնյաները։
Անդրադառնալով իտալական «Tour de Ski» մրցումների ժամանակ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի կողմից «Ադրբեջան» գրառումը փակելու պատմությանը՝ Գագիկ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը նախապես չի իմացել, որ մարզիկը նման բան է անելու, բայց եթե իմանար էլ, չէր կանխի։
Հիշեցնենք` դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ «Tour de Ski»-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։ Հունվարի 7-ի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ գերատեսչությունը մտադիր է պարզաբանումներ պահանջել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից։ Ֆեդերացիայից պատասխանեցին, որ հայ դահուկորդի արարքը հասկանալի է և պարզաբանման կարիք չունի։