Տեսչական մարմինը որակական խնդիրներ չի արձանագրել ադրբեջանական բենզինի մեջ

2025 թվականինին բենզինի և դիզելային վառելիքի շուկայում անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռը կազմել է 13.4 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինից վերցվել են փորձանմուշներ, լաբորատոր փորձաքննություններ արվել են, և խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ 2025 թ. իրենց աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Նա նշեց, որ այս թեմայով հարցում են արել Չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին, և այս տեղեկությունները կենտրոնն է տրամադրել տեսչությանը:
«Որակական առումով որևէ խնդիր չի եղել։ Բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգումների ընթացքում մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե տյալ լցակայանում որ երկրից է ներմուծվել բենզինը»,– վստահեցրեց Կոտոլյանը։
Ինչ վերաբերում է այս ոլորտում 2025 թվականի ընթացքում արձանագրված խախտումներին, ապա տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ անցած տարի 33 ոլորտներից թիրախավորել են հիմնականում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար արտադրանքի, չափումների միասնականության ապահովման ոլորտները։
Բենզինի և դիզելային վառելիքի շուկայում անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռը կազմել է 13.4 տոկոս։
«Դիզելային վառելիքի մասով 27 փորձանմուշից 17–ում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Բոլոր այս կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, բացի տնտեսվարողին պատժելուց, վառելիքաբաշխիչ ապարատների վրա 1 ամսով փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, որ տվյալ տնտեսվարողն անբարեխիղճ է»,– նշեց Կոտոլյանը։
Նրա խոսքով` դիզելային վառելիքի մեջ հիմնականում հայտնաբերվել են ծծմբի թույլատրելի քանակների շեղումներ` այն ավելի բարձր է եղել, իսկ բենզինի դեպքում հիմնական խնդիրը եղել է այն, որ ավելի թեթև բենզին է եղել, քան ներկայացվել է։
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները 2025–ի դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է ներկրվում 7600 տ ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։
Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։