Իրանում անկարգությունների ժամանակ Կարմիր մահիկի աշխատակից է զոհվել

Իրանի Կարմիր մահիկի աշխատակիցը զոհվել է անկարգությունների ժամանակ, ևս 25 մարդ տուժել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Իրանի Կարմիր մահիկի ընկերության մեկ աշխատակից է զոհվել երկրի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, ևս 25 աշխատակից վնասվածքներ են ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։
Նա նշել է, որ հարձակման են ենթարկվել Կարմիր մահիկի 14 օգնության կենտրոններ, վնասվել է 11 ավտոմեքենա։
«Կարմիր մահիկի ընկերությանը հասցված ֆինանսական վնասը կազմել է մոտ 400 մլրդ թուման (ավելի քան 2,8 մլն դոլար՝ դոլարի ներկայիս ազատ փոխարժեքով – խմբ.)», – հավելել է կազմակերպության ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։