ԻՀՊԿ-ն Իրանի հյուսիսում անկարգությունների 90 կազմակերպչի է ձերբակալել

ԻՀՊԿ-ն Զենջանում նաև գործողություն է իրականացրել Իրանում միապետական շարժման հիմնական բջջի չեզոքացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտիկները զինված անկարգությունների 90 կազմակերպչի են ձերբակալել երկրի հյուսիսում գտնվող Զենջան նահանգում։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ տեղական բաժանմունքի հայտարարությանը։
«Բացահայտվել և ձերբակալվել է 90 մարդ մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առաջնորդներից, գործողություններ, որոնք հանգեցրել էին հասարակական անվտանգության խաթարման, մեքենաների հրկիզման և պետական գույքի ոչնչացման»,-ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԻՀՊԿ-ն Զենջանում հաջող գործողություն է իրականացրել նաև Իրանում միապետական շարժման հիմնական բջջի չեզոքացման ուղղությամբ։
Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ: