ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թավջութակահար Յո Յո Մային հրավիրել է Հայաստան։ Նախագահը թավջութակահարին հանդիպել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Անվանի երաժիշտն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահը նրան հրավիրել է այցելել Հայաստան»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Յո Յո Ման շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել հարմար առիթի դեպքում հանդես գալ Հայաստանում։
Աշխարհահռչակ թավջութակահարը Դավոսի համաժողովին մասնակցել է առանձին համերգային ծրագրով։