Արցախից Հայաստան տեղափոխված անձանցից մեկը հոսպիտալացվել է. առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխված 11 անձանցից մեկը հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ անձ (ՀՀ քաղաքացի) Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին, և դիմումների հիման վրա նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
«Բժիշկներից կազմված մեր բրիգադն անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխված մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության»,– ֆեյսբուքյան էջում գրել է Ավանեսյանը:
Նա նշել է, որ 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է: