Արցախից 11 մարդ է տեղափոխվել Հայաստան

2023 թվականի սեպտեմբերին սկսված բռնի տեղահանումից հետո մի քանի հայ էր մնացել Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախից 11 անձ է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ անձ (ՀՀ քաղաքացի) Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին։ Դիմումների հիման վրա նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։