ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վաշինգտոնը դիտարկում է ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Wall Street Journal-ին։
«Վաշինգտոնը դիտարկում է ամերիկյան զորքը Սիրիայից ամբողջությամբ դուրս բերելու հնարավորությունը, քանի որ Սիրիայի նախագահ (անցումային շրջանի ժամանակահատվածում – խմբ.) Ահմեդ ալ-Շարաան քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական աշխարհազորին երկրի հյուսիս-արևելքի նկատմամբ վերահսկողությունից զրկելու վերաբերյալ», – պարբերականին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվում։
Ինչպես նշում է Wall Street Journal-ը, այս քայլը վերջ կդնի Սիրիայում ԱՄՆ գործողությանը, որը սկսվել էր 2014 թվականին։ Պարբերականի տվյալներով` երկրում մոտ 1000 ամերիկացի զինվորական է գտնվում, որոնք ցրված են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարբեր օբյեկտներում։ Հաղորդվում է, որ եթե «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ամբողջությամբ լուծարվեն, ամերիկացի պաշտոնյաները որևէ պատճառ չեն տեսնում ամերիկյան զորքը Սիրիայում պահելու համար։
Ավելի վաղ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հետ համաձայնագիր ստորագրելու մասին, որը հրադադար և կառավարական ուժերին նրանց ինտեգրում է նախատեսում: Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, այդ թվում՝ Դեյր էլ-Զորի և Ռաքքայի հյուսիսարևելյան նահանգների փոխանցումը ինքնավար քրդական վարչակազմից Սիրիայի կառավարությանը, որը պատասխանատվություն կստանձնի նաև այնտեղի ճամբարներում պահվող «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող անձանց և նրանց ընտանիքների գործերի համար: