ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահայանը հանդիպել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին, որոնք մասնակցում են անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստին, հայտնում է WAM պետական գործակալությունը:
«ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահայանն ընդունել է ՌԴ, ԱՄՆ և Ուկրաինայի պատվիրակություններին, որոնք մասնակցում են ԱՄԷ-ում ընթացող եռակողմ բանակցություններին»,-ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ շեյխը հաջողություն և դրական արդյունքներ է մաղթել բանակցությունների մասնակիցներին: Նա հայտարարել է, որ ԱՄԷ-ն աջակցում է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված բոլոր այն ջանքերին ու նախաձեռնություններին, որոնք կբավարարեն բոլոր կողմերին:
Հունվարի 23-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթանում է անվտանգության հարցերով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Հունվարի 24-ին բանակցությունները կշարունակվեն: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ խմբում ընդգրկված են ՌԴ ՊՆ ղեկավարության ներկայացուցիչներ՝ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ադմիրալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ: