Բյուջեի պակասուրդի համար Հայաստանը ԱԶԲ–ից 150 մլն դոլար վարկ կվերցնի

Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության` պարտքի կառավարման 2025–2027 թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թ. փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 15 տարով 150 մլն դոլար վարկ կվերցնի` պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր–Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը։
Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության` պարտքի կառավարման 2025–2027 թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թ. փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն։
Ըստ այս ծրագրի` բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը գնահատվել է 675 մլն դոլար, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։
Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։