ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Air Force One» ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Դավոս, սակայն հայտնաբերված անսարքության պատճառով հետ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Թռիչքից հետո ինքնաթիռի անձնակազմը էլեկտրական փոքր անսարքություն է հայտնաբերել»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԻԱ Նովոստին թռիչքային տվյալների վերլուծության հիման վրա պարզել է, որ «Air Force One»-ը շրջադարձ է կատարել Նյու Յորքի վրայով անցնելուց հետո: Կարճ ժամանակ անց ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ավիաբազայում, որտեղ Թրամփը պետք է տեղափոխվի մեկ այլ օդանավ։
ԱՄՆ նախագահը թռիչքից առաջ լրագրողներին խոստացել է, որ իր այցը հետաքրքիր է լինելու` միաժամանակ նշելով, որ գաղափար չունի, թե ինչ է լինելու։
Թրամփը պետք է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենա հունվարի 21-ին` Երևանի ժամանակով 17:30-ին:
Դրանից մոտ մեկ ժամ անց նա մասնակցելու է պետությունների ղեկավարների հանդիպմանը, իսկ ավելի ուշ մասնակցելու է բիզնեսի ներկայացուցիչների հետ ընդունելությանը: Հաջորդ օրը ԱՄՆ նախագահի մասնակցությամբ տեղի է ունենալու Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման համար ստեղծվող «Խաղաղության խորհրդի» կանոնադրության հայտարարման արարողությունը, այնուհետև նա մեկնելու է Վաշինգտոն:
Համաշխարհային տնտեսական համաժողովն անցկացվում է շվեյցարական Դավոսում հունվարի 19-23-ը: