Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. նախարարը` պարգևավճարների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարեսկզբին ստորագրել է մի փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խիզախ քայլ է համարում պետական համակարգի աշխատողներից շատերին 2025 թ. ավարտին տրված պարգևավճարները։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիմանը` ամփոփելով նախարարության աշխատանքը։
Լրագրողների մեկը նշեց, թե պարգևավճարները դարձել են աշխատավարձերի մեխանիկական հավելում, ոչ թե բացառիկ աշխատանքի գնահատական, և հետաքրքրվեց` ո՞ր նվաճումների համար են նախարարներն ու նախարարության աշխատակիցները, պատգամավորները ստանում 13–րդ, 14–րդ աշխատավարձ, պարգևավճարներ։
Ի պատասխան նախարարն ասաց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը վերջին 5–6 տարիներին չեն փոխվել, սակայն դեռ մեկ–երկու տարի առաջ քննարկում է ունեցել ու եկել այն համոզման, որ հիմնականում մասնավոր հատվածում աշխատող և բավականին բարձր աշխատավարձ ստացող որակյալ մասնագետները կամ մեծ հաջողության ունեցած մարդիկ պետական համակարգ չեն ուզում գալ հիմնականում ցածր աշխավարձերի պատճառով։
«Հասկանալի է, որ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ առավել խոցելի են ու անհրաժեշտ էր մի փոքր ավելին նրանց վճարել այդ աշխատանքը կատարելու համար»,– ընդգծեց նա։
Հովհաննիսյանի խոսքով` քննարկումների ժամանակ իր դիրքորոշումը եղել է այն, որ միայն ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխավարձը չբարձրացվի, այլ նաև նրանցը, ովքեր կունենան ավելի լավ կատարողական։ Այս համակարգը, ըստ նրա, պիլոտային ձևով ներդրել են 2025 թվականի սկզբից։
«Ես չէի ասի, որ սա պարգևավճար է, այլ աշխատավարձի բարձրացում` մի փոքր այլ եղանակով։ Սա մի փոքր խիզախ քայլ է. եթե նախկինում այդ փողը կանխիկ էր բաժանվում, ապա հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչ թափանցիկ լինի։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը, չասեմ` պետք է գոհ լինի, բայց առնվազն չպետք է զայրանա սրանից։ Օրինակ` 300 մլն դրամով ավելի հարկ է հավաքվել, որն արդյունք է նրա, որ մեր պաշտոնյաները ոչ թե բիզնեսով են զբաղվում, այլ գործով»,– հայտարարեց նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով` պետական պաշտոնյաները բավականին լարված ու սթրեսային աշխատանքով են զբաղված, և այդ պատճառով նրանք պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին չմտածեն, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը կատարելության հասցնել։
Հիշեցնենք` 2026 թ. հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Այսպես՝ բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։