ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 22–ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։