ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց»,- գրել է Հունանյանը:
Հիշեցնենք` նախկինում բուժքույր աշխատած Հռիփսիմե Հունանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2025 թվականի հոկտեմբերի 2-ին նա ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նա հասարակությանը հայտնի է իր աղմկահարույց հայտարարություններով
Հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության հարցի շուրջ ծավալված բուռն քննարկման ժամանակ Հունանյանը հայտարարեց` ո՞վ է ասել, թե բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։
Ավելի ուշ բուռն քննարկման թեմա դարձավ հարցացրույցներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարությունը։ Խոսելով գերիների մասին` նա ասաց. «Ո՞վ էր իրանց ստիպել, որ գնային Բաքվի բանտ, վարչապետն ուղղաթիռ է ուղարկել, չեն եկել»։
Օրերս էլ Հունանյանը ԱԺ–ում հայտարարեց. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև գլուխներ են պետք»։