ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալը որոշակի ժամանակ կպահանջի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ է հասկանալ, որ ԱՊՀ-ի անդամակցությունը դադարեցնելու համար պետք է համապատասխան ընթացակարգեր պահպանվեն։ ԱՊՀ–ի կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն իրավունք ունի դուրս գալ կազմակերպությունից՝ 12 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Դրանից հետո սահմանվում է օր, որից սկսած հաշվարկվում է այդ մեկ տարվա ժամանակահատվածը, և սկսվում է պայմանագրերի գույքագրման և որոշումների կայացման գործընթացը ԱՊՀ մարմինների կողմից, որոնց կողմ է հանդիսանում դուրս եկող պետությունը», – ասվում է նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Այսպիսով` ԱՊՀ–ից դուրս գալը «վայրկենական քայլ» չէ, ընդ որում` սահմանված ընթացակարգի պահպանումը Մոլդովայի միջազգային պարտավորությունների մի մասն է ԱՊՀ մյուս պետությունների, ոչ թե միայն Ռուսաստանի նկատմամբ։
ԱԳՆ–ում հիշեցրել են` առաջին տարին չէ, որ Քիշնևը չի մասնակցում ԱՊՀ շրջանակում իրականացվող աշխատանքին, կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերին, չի վճարում իր բաժինը միասնական բյուջե, ընտրողաբար դատապարտում է այն համաձայնագրերը, որոնք իբր արժեք չունեն հանրապետության քաղաքացիների համար։
Ավելի վաղ Մոլդովայի արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել էր, որ գերատեսչությունն անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել ԱՊՀ-ից լիարժեք դուրս գալու համար։ Նախ` երկրի խորհրդարանը պետք է հաստատի որոշումը, որից հետո ԱԳՆ–ն պաշտոնական ծանուցում կուղարկի կազմակերպությանը։ Նախարարությունից նշել էին, որ այդ գործընթացը 12 ամիս կտևի։