ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հունվարի 20–ի գիշերը ռուսական բանակը զանգվածային պատասխան հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, էներգետիկ օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ուկրաինական ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ գիշերը ՌԴ ԶՈւ–ն ցամաքային և օդային տեղակայման հեռահար բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, ի շահ Ուկրաինայի զինված ուժերի օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունն ընդգծել է նաև, որ հարվածն իր նպատակներին հասել է, նախանշված բոլոր թիրախները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։