ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղին» այս պահի դրությամբ Հայաստանի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով հարցին` «Թրամփի ուղին» հնարավորությո՞ւն է, թե՞ ռիսկ։
Ըստ նրա` հնարավորությունն այն է, որ ԱՄՆ–ին պետք է բերել երաշխավորի մակարդակ։
«Փաստաթղթում պայմանավորվածության մեջ ԱՄՆ–ն հանդիսանում է որպես վկա։ Մեր արտաքին քաղաքականության ընդհանուր հեռանկարն այն է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր։ Մենք տեսնում ենք` ինչ է տեղի ունենում այն տարածաշրջանների հետ, որոնք ունեն մեկ երաշխավոր կամ ընդհանրապես չունեն։ 21–րդ դարում փոքր երկրները շատ ավելի լավ են ապրում, քանի որ կառավարություններն ավելի ակտիվ ու դինամիկ են, սակայն ունեն անվտանգային խնդիր, որի լուծումը երաշխավոր ունենալն է»,– հայտարարեց Կարապետյանը։
Նրա համոզմամբ` միայն այդպիսով հնարավոր կլինի հասնել երկարաժամկետ խաղաղության։
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատուն մեծություններ են»,– ընդգծեց Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2025 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։