Սևանա լճի ափին՝ հայտնի գործարարին պատկանող շինության բակում, դի է հայտնաբերվել

Նույն վայրում նաև մեկ վիրավոր է եղել, որին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Այսօր Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, մահացած 1 քաղաքացի կա և 1 վիրավոր։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 61-ամյա Արտուշ Գ.-ի դին, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ, և մահացածն ու վիրավորը պետք է վերամբարձ կռունկի օգնությամբ ապակիներ տեղադրեին։ Ըստ տեղեկությունների՝ աշխատանքներ կատարելիս ճոպանը կտրվել է, և նրանք վայր են ընկել մոտ 12 մետր բարձրությունից։
Կայքը նաև գրում է, որ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։