ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուտ է անվանել ԱՄՆ-ի նախաձեռնած Խաղաղության խորհրդին մասնակցելու համար 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու անհրաժեշտության մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն:
Ավելի վաղ Լուկաշենկոն ստորագրել էր Գազայի հատվածի՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» Բելառուսի անդամակցության մասին փաստաթուղթը:
«Այդ հիվանդ մարդիկ հերթական անգամ վրիպեցին։ Պարզապես հարկ էր կարդալ փաստաթուղթը, ոչ մի գումար պետք չէ», - հայտնել է նա լրագրողներին։
Նա ասել է, որ որպես խորհրդի հիմնադիր՝ մասնակցության առաջին երեք տարիներին վճարելու անհրաժեշտություն չկա:
«Բայց եթե երեք տարի հետո էլ կցանկանաս խորհրդին անդամակցել, եթե քեզ այնտեղ չընտրեն, չհրավիրեն և չնշանակեն՝ մեկ միլիարդ դոլար վճարիր և երեք տարի հետո էլ շարունակիր աշխատել։ Միլիարդ է պետք, եթե երեք տարի հետո ցանկանաս աշխատել», - ասել է Լուկաշենկոն։
Ինչ վերաբերում է «Խաղաղության խորհրդին» Բելառուսի մասնակցությանը, նախագահը նշել է, որ օբյեկտիվորեն հասկանում է բելառուսական կողմի հնարավորությունները:
«Մենք այնտեղ Գազային շատ կօգնե՞նք։ Եթե օգնենք էլ, ապա ոչ այնքան։ Բայց ինձ հրապուրում է, որ գուցե այս Խաղաղության խորհուրդը, նրա ինչ-որ գործողություններ, հնարավորություններ տարածվեն մոլորակի այլ մասերում։ Առաջին հերթին, գուցե, մենք Ուկրաինայի հարցում ինչ-որ բան օգնենք, ինչ-որ կերպ քննարկենք և առաջ տանենք խաղաղությունը, կարողանանք մոտեցնել այն, ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Դա է ինձ ամենից շատ գրավում», - ասել է նա։