Լարսը շուրջ 3 օր անց բացվել է բեռնատարների համար

Հունվարի 17-ի երեկոյան արգելվել էր ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշենք, որ բեռնատարների երթևեկությունը հունվարի 17-ից արգելափակվել էր ձյան և մերկասառույցի պատճառով:
«Վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայում գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):