ՀՀ ԱՀԾ–ի զեկույցը գրված է Արևմուտքի թելադրանքով. փորձագետը վտանգներ է տեսնում

Վազգեն Պետրոսյանի խոսքով` Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացումը փաստում է, որ ՀՀ–ի վրա հարձակվելը ժամանակի հարց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի տարեկան զեկույցը չի արտացոլում Հայաստանի առջև ծառացած իրական սպառնալիքներն ու մարտահրավերները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունն այսօր 2026 թվականի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է ՀՀ արտաքին սպառնալիքներին, ռիսկերին, հիբրիդային պատերազմին։ Ծառայությունը Ադրբեջանից և Թուրքիայից բխող ռիսկերը քիչ հավանական է համարել։
Պետրոսյանը զեկույցին ծանոթանալուց հետո տպավորություն է ստացել, որ մի քանի ուսանողի կողմից գրված ոչ այնքան լավ դիսերտացիա է։
«Արտաքին հետախուզական ռիսկերի գնահատումը պետք է սկսվի գլոբալ գործընթացներից և նոր միայն անցնի մասնավոր ուղղություններին։ Զեկույցը անտեսում է այն փաստը, որ աշխարհը գտնվում է վերաբաժանումների փուլում, իսկ նման փուլերում անկայունությունն ու ռիսկերը բազմապատկվում են։ Նույնիսկ եթե Ադրբեջանը տվյալ պահին էսկալացիայի պատրաստ չլինի, դա չի նշանակում, որ վտանգը պետք է կապել միայն ընթացիկ պայմանավորվածությունների կամ առանձին փաստաթղթերի հետ։ Այսպես չի գնահատվում արտաքին հետախուզության ռիսկերը»,– շեշտեց վերլուծաբանը։
Պետրոսյանի կարծիքով` փաստաթղթում նշված թեմաները՝ Թուրքիա–Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ենթակառուցվածքները, Մերձավոր Արևելքի խնդիրները, Իրան–Իսրայել հարաբերությունները և այլն, ներկայացված են չափից ավելի կիսատ։ Նրա խոսքով` եթե Իրանում տեղի ունենան ներքին խժդժություններ կամ քաղաքացիական բախումներ, անմիջապես առաջ կգան հարցեր՝ ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա Ադրբեջանի հնարավոր գործողությունների վրա, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, և ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան։
«Այս ամենի մասին զեկույցում գրեթե ոչինչ չկա։ Զեկույցում էլ նշվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի շուրջ 40 տոկոս աճը։ Սա ինքնին պետք է ընկալել որպես հստակ պատրաստակամություն էսկալացիայի։ Այսինքն` սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել Իրանի կամ Ռուսաստանի դեմ։ Ո՞վ է մնում որպես թիրախ։ Հայաստանը և Վրաստանը։ Վրաստանի հետ խնդիր չունեն, խնդիր ունեն Հայաստանի հետ։ Հարցը միայն ժամանակի մեջ է։ Այսինքն` եթե հարմար լինի, կանեն 2026-ին, հարմար չեղավ՝ 2027-ին կամ 2028-ին»,– ասաց Պետրոսյանը։
Նա քննադատեց նաև զեկույցում հիբրիդային պատերազմին վերաբերող հատվածին։ Նրա խոսքով՝ զեկույցը բաց է թողել այդ պատերազմի հիմնական բաղադրիչը՝ ճանաչողական կամ կոգնիտիվ պատերազմը։ Նրա գնահատմամբ` ճանաչողական պատերազմի մասին միտումնավոր չեն խոսել, քանի որ ճանաչողական պատերազմի թիրախ հասարակության մեջ թշնամու կերպարի փոփոխությունն է։
«35 տարի Արևմուտքը փոխեց հայ ժողովրդի մեջ թշնամու կերպարը՝ թուրքին սարքեց բարեկամ, Ռուսաստանին՝ թշնամի, հիմա էլ Իրանին են սարքում թշնամի։ ԱՄՆ–ն թողնում է միաբևեռ աշխարհը և գնում է ուժով պարտադրելու գործողությունների, որպեսզի հաջորդ համաշխարհային համակարգում, որը պարտադիր լինելու է բազմաբևեռ, ունենա նվազագույն բարձր դիրքը։ Նման պարագայում ամեն ինչ ավելի կարևոր է դառնում, ամեն միջանցք լինելու է առևտրի առարկա։ Այն, ինչ արեց ԱՄՆ–ն Վենեսուելայում, խոսում է այն մասին, որ նրանք վերադառնում են Մոնրոյի դոկտրինի։ Այդպիսի պարագայում շատ պարզ և հստակ է, որ Չինաստանն էլ իր դոկտրինը կպարտադրի, Ռուսաստանը` իր։ Դա նշանակում է, որ ԱՄՆ–ն մտել է ՌԴ տարածք և այստեղից պետք է դուրս գա, և սա դառնալու է առևտրի առարկա, իսկ այսպիսի առևտրի պարագայում ամեն պետություն որոշելու է՝ ինչպիսի հարաբերություն ստեղծի իր թշնամի պետության հետ»,– նշեց վերլուծաբանը։
Վազգեն Պետրոսյանի համար անհասկանալի է, թե ով է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցի հասցեատերը։ Ըստ նրա` եթե արտաքին հետախուզության փաստաթուղթը թաքցնում է իրական թշնամու կերպարը, ապա այն չի կարող ծառայել Հայաստանի Հանրապետությանը։
«Եթե մենք այդ զեկույցի մեջ թաքցնում ենք մեր իրական թշնամու դեմքը, այդ ժամանակ այդ զեկույցը ո՞ւմ է ծառայելու։ Հայ ժողովրդի՞ն, թե՞ թուրքին»,– հարցադրում է Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ զեկույցը ծավալով էլ անհամեմատ փոքր է նման կարգավիճակի փաստաթղթի համար և հիմնված է հիմնականում արևմտյան մեդիայի տեղեկատվության վրա։ Ըստ նրա` չեն օգտագործվել արաբական, իրանական, ռուսական կամ չինական աղբյուրներ, ինչը զեկույցը դարձնում է միակողմանի և կողմնակալ։
«Եթե Արևմուտքին պիտի դուր գալ, միանգամից գրենք՝ կեցցե Թրամփը, և վերջացնենք»,– նշեց նա։
Պետրոսյանի համոզմամբ՝ նման փաստաթուղթը ոչ միայն չի արտացոլում տարածաշրջանային իրական ռիսկերը, այլև կարող է վտանգավոր լինել, եթե դրա վրա հիմնվեն քաղաքական կամ անվտանգային որոշումներ։