Հայաստանը դիմել է Ադրբեջանին բեռները դեպի Ռուսաստան տարանցելու թույլտվության համար. Ալիև

Ադրբեջանի նախագահը վստահ է՝ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զուգահեռ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Հայաստանը դիմել է Ադրբեջանին բեռները դեպի Ռուսաստան տարանցելու թույլտվության համար։ Դավոսի տնտեսական գագաթնաժողովում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Տարածաշրջանային տրանսպորտային ուղիների համատեքստում Ալիևը հիշեցրեց, որ արդեն իսկ Ղազախստանից, Ռուսաստանից դեպի Հայաստան փոխադրում է իրականացվել Ադրբեջանի, ապա՝ Վրաստանի տարածքով։ Համոզված է, որ շատ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ փոխադրումներ կիրականացվեն։
«Այսօր փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, բայց կգա մի օր, երբ դա ուղիղ Ադրբեջանից Հայաստան ու Հայաստանից Ադրբեջան կլինի, և այդ օրը շատ հեռու չէ»,- ասաց նա։
Ալիևը վստահություն է հայտնել` Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զուգահեռ կլինեն։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս լավատես է ապագայի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում։
Խաչատուրյանը կարծում է՝ կարևոր է նաև հասարակություններին ներգրավել այս խաղաղության գործընթացին։ Միաժամանակ, կարծում է՝ եթե, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարողացել են կարճ ժամանակահատվածում՝ 2 տարվա ընթացքում համաձայնության հասնել, միամիտ կլինի նույնն ակնկալել հասարակություններից։ Ըստ նրա՝ ժամանակ է պետք, որ ժողովուրդները կարողանան հաղթահարել այն խնդիրները, որոնք «արհեստականորեն կամ բնականորեն կան»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։