ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այսօր շրջայց է կատարել նոր կառուցվող գործարանի տարածքում։
Ըստ նախարարի՝ «Վելլար գրուպ» ընկերությանը (շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբից- խմբ․) պատկանող, 25 հա տարածք զբաղեցնող գործարանում 145 մլն եվրո ներդրում է նախատեսվում, որից շուրջ 120 միլիոն եվրոն արդեն ներդրվել է։
«Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկում, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի»,- հայտնում է նախարարը։
Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ, վաֆլիներ, շոկոլադապատ հայկական չրեր և այլն։
Նրա խոսքով՝ «Վելլար գրուպն» օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։